Ռուսաստանը անցած գիշեր Ուկրաինայի դեմ հերթական զանգվածային հարվածներ է իրականացրել՝ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։
Զակարպատյան մարզի Մուկաչևո քաղաքում ձեռնարկություններից մեկի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 12 մարդ։
Ռուսական զորքերը Լվովի դեմ համատեղ հարված են հասցրել անօդաչու թռչող սարքերով և թևավոր հրթիռներով, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Սադովին։
Շրջանային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին ավելի ուշ պարզաբանել է, որ մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Տասնյակ բնակելի շենքեր են վնասվել։
Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ Պավլոգրադի շրջանի Յուրիև համայնքում մի քանի հրդեհ է բռնկվել, մեկ մարդ վիրավորվել է:
Զապորոժիեի վրա հրթիռային հարված է հասցվել։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ վնասվել են մի քանի արդյունաբերական ենթակառուցվածքային օբյեկտներ, իսկ պայթյունի ալիքը կոտրել է բնակելի շենքերի պատուհանները։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։