Մատչելիության հղումներ

Դատարանն Աջապահյանի գործով ապացույցներն է հետազոտում

Լրացված

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում, Երևան, 18-ը օգոստոսի, 2025թ.
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում, Երևան, 18-ը օգոստոսի, 2025թ.

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստն այսօր մեկնարկեց մեղադրանքի ներկայացմամբ։ Մեղադրող կողմի ելույթից հետո պաշտպանական կողմը կարճ արձագանքեց՝ պատժվում է ազատ խոսքը.

«Պատվարժան դատարան, մեր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված այս ապօրինի մեղադրանքը: Մենք պաշտպաններով հանրային հարթակում, հիմա նաև՝ դատարանի առջև, այս մեղադրանքը հիմնավորելու փորձը գտնում ենք, որ ապօրինի է և անհիմն է, և այն ստվերում է պետությունը առավելապես, քան հիմնավորում է մեղադրանքը»:

Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի հոդվածով։ Մեղադրանքի հիմքում նրա մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ հոգևորականը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը հիմնավորում է, թե նա այս հայտարարությունն արել է նաև 2025-ի հունիսին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Միքայել սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում:

Ապացույցների հետազոտումն այսօր սկսվեց Դատախազության կողմից ներկայացված մի տեսանյութով։ «Գալա» հեռուստաընկերության միկրոֆոնն է սեղանին, և սենյակում՝ շուրջ մեկ տասնյակ մարդիկ։ Սրբազանն, ըստ Դատախազության, այստեղ է խոսում հեղաշրջման անհրաժեշտության մասին, փաստացի պնդում էին, որ հենց այս տեսանյութով է նա հեղաշրջման կոչ անում:

Մինչդեռ պաշտպանական կողմը հակադարձում է՝ տեսանյութից երևում է, որ խոսքը ոչ թե հանրությանն էր ուղղված, այլ՝ սենյակում ներկա գտնվող մարդկանց։

Տեսանյութը հետազոտելու ընթացքում ինքը՝ սրբազանն էլ տեղից արձագանքեց, որ հենց հիմա էլ իր սեղանին դրված է մի քանի միկրոֆոն, ինքը, սակայն, հարցազրույց չի տալիս:

Այսօրվա դատական նիստի ընթացքում ևս մի քանի տեսանյւթ հետազոտվեց, ինչպես նաև ներկայացվեց քննչական բոլոր գործողությունների ընթացքը, ինչը, փաստաբանական թիմի պնդմամբ, տեղի է ունեցել լրջագույն խախտումներով:

Ակնկալվում էր, որ այսօր պետք է ներկայացվի նաև մեկ այլ ապացույց՝ Շիրակի թեմի առաջնորդի օրագիրը, որտեղ նաև անձնական կյանքին առնչվող տեղեկություններ կան:

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ օրագրում կան որոշ փաստական տվյալներ, այնտեղ սրբազանը յուրաքանչյուր օր գրել է իր գործողությունների մասին՝ սկսած 2022 թվականից մինչև վերջին ժամանակահատվածը։

Նախորդ նիստի ժամանակ քննարկվում էր՝ արդյոք դռնբա՞ց, թե՞ դռնփակ նիստում պետք է օրագիրը ներկայացվի, որոշում կայացվել դռնբաց ներկայացնել: Սակայն այսօր աշխատանքային օրն ավարտվեց, և օրագիրը փաստացի չներկայացվեց:

Փաստաբանական թիմը կարծում է, որ դատարանը կատարում է իշխանության հրահանգը և նպատակ ունի ավարտել գործի քննությունը հնարավորինս շուտ։ Որպես փաստ ներկայացնում են 6 աշխատանքային օրվա ընթացքում նշանակված 4 նիստերը։ Հիշեցնենք՝ առաջին նիստը օգոստոսի 15-ին էր, երեկ և այսօր նիստերը շարունակվում են, ևս մեկ նիստ նշանակված է օգոստոսի 21-ին։

Սրբազանի խափանման միջոցը կալանքն է, որը դատարանը ևս 10 օրով երկրաձգեց նախորդ նիստերում։ Սակայն դատարանը երեկ վերացրեց արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ տեսակցությունների սահմանափակումը՝ բացառությամբ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Այս փուլում սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն նիստերի ընթացքում իր դիրքորոշումն է հայտնում փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ։ Երեկ, մասնավորապես, արդեն դատարանի դահլիճից հայտարարեց, որ չի ընդունում իրեն մեղսագրվող հոդվածը՝ պնդելով, թե կատարվողը իշխանությունների խարանն է։

Իշխանության և հոգևորականների միջև առճակատումն ավելի խորացավ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից հետո, որոնցում վարչապետը պահանջում էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների հրաժարակնը։

Այս դատավարությունն անցնում է լեփ-լեցուն դահլիճում, ներկա են և՛ հոգևորականներ, և՛ ընդդիմադիր պատգամավորներ, և՛ պարզապես Միքայել սրբազանի աջակիցները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG