Դատարանը որոշեց ևս երեք ամսով երկարաձգել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Արթուր Սարգսյանի և Արման Իսրայելյանի կալանքը: Դատարանը երեք ամսով կալանավորեց նաև Վահագն Չախալյանին: Մեղադրյալ Արա Ռոստոմյանի կալանքը փոխարինվեց եռամսյա տնային կալանքով:
Իր կալանքը երկարաձգելու որոշման հրապարակումից հետո Գալստանյանը «շատ շնորհակալություն» հայտնեց դատավոր Կարեն Ֆարխոյանին «ազնիվ և առանց խաբեության դրսևորման համար»:
«Այնքան լավ եմ զգում ինձ, որ այլ որոշում Դուք չկայացրեցիք, որովհետև դա ինձ համար մահ կլիներ։ Հայտնվել մի այնպիսի պայմաններում, որ մեր երկիրը հանձնված իրավիճակում է, և հանկարծ դրսում՝այսպես կոչված դրսում, ես հիմա ազատության մեջ եմ կատարյալ իմաստով և շնորհակալ եմ Ձեզ, որ իմ ազատության ժամկետը երկարացրեցիք։ Լիդիա Մանթաշյանի կալանավորումը երկարացնելուց հետո ես գետնի տակը պիտի մտնեի, ամո՛թ ինձ, եթե դուրս գայի այդ միջավայրից։ Շնորհակալություն Ձեզ, որ չարեցիք այդ քայլը», - հայտարարեց արքեպիսկոպոսը:
Նախօրեին էլ դատավոր Ֆարխոյանը բավարարեց դատախազի միջնորդությունն ու երեք ամսով երկարաձգեց Լիդյա Մանթաշյանի կալանքը: Մանթաշյանը պնդեց՝ ոչ ինքը, ոչ էլ համախոհները որևէ հանցագործություն չեն կատարել:
Գալստանյանի ու մյուսների փաստաբաններն այսօր բոյկոտեցին դատավարական նիստն ու ներս չմտան: Հայտարարեցին, որ երեկվա նիստը ոտքից գլուխ խախտումներով էր, արդարադատություն այսպես հնարավոր չէ իրականացնել:
Նրանց բացակայությունը, սակայն, դատարանին չխանգարեց շարունակել նիստը: Դատավոր Ֆարխոյանը հայտարարեց՝ անցնում է խափանման միջոցների հարցի քննությանը առանց փաստաբանների, պնդեց, որ փաստաբանները չարաշահում են իրենց իրավունքները:
Գալստանյանն ու նրա թիմակիցները մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար, մեղքը չեն ընդունում։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ու նրա 17 համախոհները այս քրեական գործը համարում են շինծու:
Մանրամասները տե՛ս այստեղ