Իրանի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են սկսել Օմանի ծոցում։ Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկօրյա զորավարժություններին մասնակցում են ռազմանավեր ու սուզանավեր, վարժանքները կենտրոնացած են հրթիռների և մարտական անօդաչու թռչող սարքերի փորձարկման վրա։
Սա Իսլամական Հանրապետության առաջին զորավարժությունն է հունիսին Իսրայելի սկսած 12-օրյա օդային պատերազմից հետո, որին միացավ նաև Միացյալ Նահանգները՝ հարվածելով Իրանի օդային պաշտպանության համակարգերին ու միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է վերսկսել հարվածները, եթե Իրանը վերականգնի միջուկային աշխատանքները։ Թեհրանն, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է հակազդել ցանկացած հարձակման։
«Թշնամու ցանկացած նոր արկածախնդրություն կհանդիպի ուժեղ ապտակի», - այսօր հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարությունը։