ՄԱԿ-ը պաշտոնապես արձանագրեց՝ Գազայում համատարած սով է: ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ղեկավար Թոմ Ֆլետչերը փաստում է՝ սնունդը չի հասնում պաղեստինյան տարածք՝ «Իսրայելի կողմից համակարգված խոչընդոտների պատճառով»։
«22 ամիս տևած չդադարող հակամարտությունից հետո Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ բախվում է աղետալի պայմանների՝ սով, աղքատություն, մահ», - ասված է ՄԱԿ-ի այսօր հրապարակված զեկույցում։
Մարտից ի վեր Իսրայելն արգելում է օգնության մատակարարումները Գազա, ինչն, ըստ միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի հանգեցրել է սննդի, դեղորայքի և վառելիքի լուրջ պակասի։
Իսրայելի շուրջ երկու տարի շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով, ՄԱԿ-ի գնահատականներով, Գազայի հատվածի վարելահողերի մոտ 98 տոկոսը կա՛մ վնասվել է, կա՛մ անհասանելի է, անասունները ոչնչացվել են, ձկնորսությունը՝ արգելված։ Լրջորեն խաթարվել է առողջապահական համակարգը, կտրուկ նվազել անվտանգ խմելու ջրի և հիգիենայի հասանելիությունը։
Արձագանքելով ՄԱԿ-ի հայտարարությանը՝ Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է՝ «Գազայում սով չկա», պնդելով, թե միջազգային կառույցի զեկույցը «հիմնված է «Համաս»-ի ստերի վրա»:
«Համաս»-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերին իրականացված հարձակումը, որը սկիզբ դրեց պատերազմին, հանգեցրեց 1219 մարդու մահվան, որոնց մեծ մասը Իսրայելի բնակիչներ էին։ Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 62 հազար 192 պաղեստինցի, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։