Մատչելիության հղումներ

Փաշինյանը չի բացառում տարածքների փոխանակումը՝ անկլավների հարցի լուծման համար


Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արծվաշենը, արխիվ
Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արծվաշենը, արխիվ

«Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է Ադրբեջանի կողմից, գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, մենք պետք ա նաև ի վերջո առերեսվենք, որ այդ թվում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ կան, որոնք գտնվում են մեր վերահսկողության ներքո». - վարչապետ Փաշինյանն այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ է խոսում ադրբեջանական տարածքների վերադարձից՝ չբացառելով փոխանակման տարբերակը։ Կառավարության նիստից հետո նա այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ անկլավ-էքսկլավների հարցին, հայտարարեց՝ այդ թեմայից ինքը հրաժարվել չի կարող։

«Ես վաղուց ասել եմ, որ մենք անկլավների թեմայից չենք կարող, ես չեմ կարող հրաժարվել, որովհետև մենք էքսկլավ-անկլավների, մենք ինքներս էդպիսի խնդիր ունենք, և յուրաքանչյուր քաղաքացի կարող ա ակնկալել, որ ես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և տարածքային ամբողջականության վերականգնման հետևից, առավել ևս՝ հիմա, սկզբունքորեն և հետևողականորեն գնամ, և մենք գնալու ենք էդ տրամաբանությամբ», - ասաց վարչապետը:

Արդյոք կողմերը գտել են անկլավ-էքսկլավների իրավական հիմքերը։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին հայտարարում էր, թե Հայաստանում ադրբեջանական անկլավների իրավական հիմքեր չկան, այսօր, ըստ էության, չհերքեց, որ կան այդ հիմքերը:

«Ես ասել եմ, որ, այո, էդ պահին մեր ձեռքի տակ իրավական հիմքեր չկան, մեզ ադրբեջանցիներն ասել են, որ իրենք կներկայացնեն իրավական հիմքեր, իրենք էլ կասկածի տակ են դրել տեղ-տեղ Արծվաշենի իրավական հիմքերի առկայությունը, մենք էլ մեր հերթին ենք ասել, որ կներկայացնենք իրավական հիմքեր: Ես հետևյալը կարող եմ ասել՝ այո, առավել ևս՝ հիմա, էդ բոլոր հարցերը պետք ա լուծել իրավական-քաղաքական հենքի վրա: Կա իրավական հիմք, հասկանո՞ւմ եք: Մենք պայմանավորվել ենք, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը հստակ բնակավայրերի անուններ տալուց խուսափեց։ Միայն շեշտեց հայկական Արծվաշենի մասին, որը 1990-ականներից Ադրբեջանի վերահսկողության տակ է։

Ադրբեջանը, որ Հայաստանից տարածքներ է օկուպացրել 2021-22 թվականների ներխուժումների ժամանակ, այս ընթացքում երբևէ չի խոսել դրանք վերադարձնելուց, ավելին՝ նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ իրենց զբաղեցրած դիրքերից ետ չեն գնա: Երևանից մշտապես հայտարարել են, որ հայկական օկուպացված տարածքների վերադարձի ռազմական ճանապարհ չեն տեսնում և հույս ունեն, որ հարցը կլուծվի սահմանազատման ընթացքում:

Վարչապետն այսօր չբացառեց տարածքների փոխանակման տարբերակը, չբացահայտելով՝ արդյոք այդ թեման արդեն քննարկվել է Բաքվի հետ. - «Եթե կլինի հանկարծ մտադրություն, ցանկություն՝ իրականացել որոշ տարածքների փոփոխություն համամասնորեն, այսինքն՝ մի քառակուսի կիլոմետրը փոխել մեկ այլ մի քառակուսի կիլոմետրի հետ, էդ հարցով մենք արդեն պետք ա մոտենանք և դիմենք ժողովրդին, թե ինչքանով է ժողովուրդը համաձայն նման լուծումների հետ»:

Դեռ անցած տարի գարնանը Բաքուն պնդում էր, որ սահմանների դելիմիտացիայի ընթացքում կորոշվի ադրբեջանական չորս էքսկլավային գյուղերի՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասկիպարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպես նաև Նախիջևանին սահմանակից Տիգրանաշեն-Քյարքի բնակավայրերի հարցը։ Անցած տարվա գարնանը Տավուշի հատվածում 12 կմ սահմանազատելուց հետո գործընթացը տեղից չի շարժվել:

Տիգրանաշենում իրենց գյուղի վերաբերյալ քննարկումները «արդեն սովորական են դարձել»

Տիգրանաշեն գյուղը, արխիվ
Տիգրանաշեն գյուղը, արխիվ

Տիգրանաշենում իրենց գյուղի վերաբերյալ քննարկումները, վարչական ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանի խոսքով, արդեն սովորական են դարձել։

Դեռ 2023-ին տեղացիները «Ազատության» հետ զրույցներում դեմ էին արտահայտվում Տիգրանաշենն Ադրբեջանին փոխանցելու տարբերակին։ Միավորված Պարույր Սևակ ու Տիգրանաշեն բնակավայրերում մոտ 400 բնակիչ է ապրում, որից 180-ը՝ հենց Տիգրանաշենում։

«Քանի որ նույն երանգի խոսակցություններ ա տարիներ շարունակ, ոնց որ միշտ եղել ա, էդ ձև էլ հիմա, նույն վիճակն ա, էլի, այսինքն՝ ժողովուրդը մեծ հաշվով դրան չի անդրադառնում էս պահին, որովհետև արդեն ոնց որ մարդիկ իմունիտետ են ձեռք բերել, էլի, էդ խոսակցությունների նկատմամբ: Ինքս էլ էդ հարց շուրջ ասելիք չունեմ, քանի որ կոնկրետություն չկա, ամեն ինչը «բայց»-երով ա լինելու կամ ենթադրություններով ա լինելու, էլի: Կոնկրետ որոշում կլինի՝ ըստ էդ որոշման կհասկանանք խոսակցությունը, խնդիրը, լուծումը ինչ մեջ են գտնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփանյանը:

Վարչական ղեկավարը հույս ունի, որ վերևներում իրենց անվտանգության հարցերն աչքաթող չեն անի:

«Մեծ հաշվով, երբ որ կլինի կոնկրետ որոշումներ, կոնկրետ կհասկանան՝ հարցերի լուծումները ինչի մեջ են գտնում, ինչ ձև են գտնում՝ փոխանակում ա, էս ա, էն ա, ըստ դրա արդեն մարդիկ իրենց արձագանքը կլինի, էլի», - նշեց Լյուդվիգ Ստեփանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը որևէ երաշխիք չի տեսնում

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է՝ մինչ Երևանից խոսում են անկլավ-էքսկլավների հարցի լուծումից, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս հատվածից հետո սահմանազատումը կանգնած է, Հայաստանից օկուպացրած որոշ հատվածներում էլ Ադրբեջանի զինուժը դիրքային բարելավումներ է անում։ Պատգամավորը որևէ երաշխիք չի տեսնում, որ սահմանազատումը, անկլավների հարցը ի վնաս Հայաստանի չի լուծվի։

«Նախապես հայտարարվել էր, չէ՞, որ պետք ա սկսվի հյուսիսից՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան հատվածից, իջնի դեպի հարավ, և այլն: Հիմա որևէ մեկը երաշխիք ունի՞, որ դա կգա Տավուշ, Տավուշի այն երեք այսպես կոչված անկլավները արդեն ադրբեջանական վերահսկողության տակ, կգա հասնի, պայմանական եմ ասում, Վարդենիս, ու պրոցեսը ինչ-որ այդ պահի պատճառաբանությամբ կկանգնի: Այսինքն՝ դառնա, որ Ադրբեջանը այդ երեք գյուղերը ստացավ, բայց երբ որ եկավ թեման հասավ Վարդենիսին, Կուտականին, Ջերմուկին և այդպես շարունակ, գործընթացը կանգնել ա, որովհետև ակնհայտորեն ադրբեջանական կողմը մխրճվածություն ունի; Այսինքն՝ էս մասերը դեռևս շատ անորոշ են, և որևէ հավաստիացում հանրության համար դեռևս վստահելի որևէ բան չի դառնում», - «Ազատության» հետ զրույցում նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Այս տարեսկզբին կողմերը հայտնեցին, որ հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները որոշել են սահմանազատումը շարունակել հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից: Այս հայտարարությունից կես տարի անց Երևանն ու Բաքուն դեռ չեն էլ հստակեցրել՝ երբ է մեկնարկելու սահմանազատման նոր փուլը և կոնկրետ որ բնակավայրից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG