Մատչելիության հղումներ

Փաշինյանը հիմնավորեց, որ ադրբեջանական տարածքային պահանջները լեգիտիմ են. գնահատականներ վարչապետի ուղերձին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հիմնավորեց, որ ադրբեջանական տարածքային պահանջները լեգիտիմ են, ու դրան այլընտրանք չկա», անդրադառնալով վարչապետի երեկվա ուղերձի, մասնավորապես, Հայաստանի օկուպացված տարածքների չլուծված հարցի վերաբերյալ Փաշինյանի դիտարկումներին՝ «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Վարչապետը երեկ 30 րոպեանոց ուղերձում այդպես էլ չհստակեցրեց՝ որ հատվածները նկատի ուներ, երբ ասում էր, որ Հայաստանն էլ ադրբեջանական տարածքներ ունի օկուպացրած:

«Ադրբեջանն իր բոլոր պահանջներն ու նախապայմանները վերածել է պայմանավորվածության, հայկական կողմը ներկայացնողները չեն կարողացել փոխադարձ որևէ բան ձեռք բերել, դրա համար մնում է հիմնավորել, որ ադրբեջանական պահանջները լեգիտիմ են, իրավաչափ են, և դրա այլընտրանքը չկա: Այն բանից հետո, երբ հայտարարում են, որ խաղաղություն են բերել, Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը դեռ մեր նկատմամբ տարածքային պահանջներ ունի, ուղիղ է դա հայտարարել», - ասաց պատգամավորը:

«Ամենաշատ գերիները դուք եք տվել»

Հաջորդ քննադատությունը, որ լսել էր վարչապետը, հայ-ադրբեջանական նախաստորագրված համաձայնագրում Բաքվում անազատության մեջ պահվող հայերի խնդիրը չներառելու մասին էր: Որքան ձգվել են 2022-ի գարնանից սկսած համաձայնագրի բանակցությունները, ըստ Հայաստանի ղեկավարի, հասկացել են, որ տեքստում գերիների հարցը ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոյի հարց է:

«Այդ կանխավարկածով չառաջնորդվելու արդյունքում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից, և եթե հարցը թողնված լիներ խաղաղության համաձայնագրին, դա կարող էր և տեղի չունենալ և մեծ հավանականությամբ տեղի չէր ունենա։ Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությունը վերջերս տեսաք», - ասել է նա։

Քրիստինե Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց. «Ասում է՝ ամենաշատ գերիները մենք ենք բերել, ամենաշատ գերիները դուք եք տվել: Բայց եթե այնպես է ստացվել, որ քո իշխանության օրոք ամենաշատ մարդիկ են գերեվարվել, նախքան ժողովրդիդ հայտարարելը, որ ամբողջական խաղաղություն ես բերել, ու որևէ թուղթ ստորագրելը առաջինը պետք է հումանիտար հարցերը լուծես ամբողջական փաթեթով, ու դա լուծես առանց որևէ բանի դիմաց զիջումների, այսինքն՝ հանկարծ այնպես չլինի, որ մենք այս զիջումը պիտի անենք տարածքային, միջանցքը պիտի տանք, որ գերի վերադարձնենք, այլապես Ադրբեջանը տասնյակ ՀՀ քաղաքացիների կգերեվարի, կասի՝ մինչև այս զիջումը չանեք, չեմ արձակելու գերիներին»:

«Եթե խաղաղություն չեք ուզում, կապիտուլյացիա եք ուզում, ուրեմն ժողովրդին այդպես էլ ասեք»

Երբ նախաստորագրված տեքստը հրապարակվեց, վարչապետը հայտնվեց ընդդիմախոսների քննադատության թիրախում, թե Ղարաբաղի հարցը հայ-ադրբեջանական փաստաթղթով փակվում է։
Երեկ վերադարձի թեման բարձրացնելը վտանգավոր համարեց խաղաղության համար։ Հայաստանի ղեկավարը Լեռնային Ղարաբաղից տեղահանված արցախցիների վերադարձի մասին պատկերացումներն իրատեսական չի համարում, անձամբ ինքը կարծում է՝ նրանք պետք է տնավորվեն ու ապրեն որպես Հայաստանի քաղաքացիներ։

Թե ի՞նչ արձագանք է ստացել նրա դիտարկումը, վարչապետը չբացահայտեց, բայց այսպես կոչված՝ «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի թեման խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո էլ շարունակեց քննարկվել Բաքվում: Իսկ Հայաստանն այդ խոսույթը տարածքային պահանջ է համարում, քանի որ ադրբեջանցիները «Արևմտյան Ադրբեջան» են անվանում Հայաստանի տարածքի զգալի մասը, իսկ Հայաստան վերադառնալ ցանկացողներն իրենք իրենց՝ ոչ թե ինչ-որ ժամանակ Հայաստանում ապրած ադրբեջանցիներ, այլ «Արևմտյան Ադրբեջանի» համայնք են անվանում:

«Պետք է խոսել հակամարտության բոլոր խնդիրների մասին, եթե ուզում եք արդար, համապարփակ, ներառական խաղաղություն: Եթե խաղաղություն չեք ուզում, կապիտուլյացիա եք ուզում, ուրեմն ժողովրդին այդպես էլ ասեք, ասեք՝ «կապիտուլյացիա է, խաղաղություն չէ», իսկ կապիտուլյացիայի մասով ժողովուրդը կասի՝ համակերպվո՞ւմ է կամ հանդուրժո՞ւմ է, թե՞ ոչ», - «Ազատությանն» ասաց Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:

Նա շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներն ունեն միջազգայնորեն ամրագրված վերադարձի իրավունք ու չունեն դրանից հրաժարվելու իրավունք. «Եթե կեղծ իրատեսականությամբ առաջնորդվելով հրաժարվենք արդարության հասնելու մեր մղումից, ապա Ադրբեջանը և Թուրքիան կարող են հերթական հանցագործությունը կատարել, հերթական տարածքային զավթումներն իրականացնել արդեն ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում, հետո փաստորեն Նիկոլ Փաշինյանը կրկին կասի՝ «դե քանի որ Թուրքիան ու Ադրբեջանն ուժեղ պետություններ են, մենք թույլ ենք, իրատեսական չէ, եկեք համակերպվենք, օրինակ՝ Սյունիքը կորցրել ենք կամ Սևանը կորցրել ենք: Դե լավ Սևանի մյուս ափին կլողաք»:

Վարչապետը նշել է՝ Հայաստանն առաջնորդելու է ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, իսկ իր հետ չհամաձայնողներին կոչ է արել հեղափոխություն անել։

Փաշինյանը կես ժամում 3 անգամ ասաց՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, մեկ անգամ, որ խաղաղությունը եկել է:

Մինչ վարչապետ Փաշինյանը չի թաքցնում իր ոգևորությունը, Բաքվից կրկնում են խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանը, որն արդեն տնային առաջադրանք են անվանում, փոխել Հայաստանի սահմանադրությունը:

XS
SM
MD
LG