Հայաստանի ԱԽ քարտուղարը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային ապաշրջափակմանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այսօր կայացած հանդիպմանն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը։

Հայաստանի ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Գրիգորյանն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակում։

Նրանք գոհունակությամբ ընդգծել են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերը։

Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում համատեղ հռչակագրի էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:

Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ էլ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախաստորագրել էին խաղաղության համաձայնագիրը: Երևանն ու Բաքուն միաժամանակ հրապարակեցին 17 կետանոց փաստաթուղթը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը, Ադրբեջանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին վաշինգտոնյան փաստաթղթերը