Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին Փարիզում հանդիպել է իսրայելական պատվիրակությանը՝ քննարկելու տարածաշրջանում և Սիրիայի հարավում կայունությունը ամրապնդելու հարցը, հաղորդում է Սիրիայի պետական SANA գործակալությունը։
Սիրիացի և իսրայելցի պաշտոնյաները ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցություններ են վարում՝ Սիրիայի հարավում հակամարտությունը թուլացնելու նպատակով։
SANA-ի հաղորդմամբ կողմերի միջև քննարկումները կենտրոնացած են եղել հակամարտության թուլացման և Սիրիայի ներքին գործերին չմիջամտելու վրա։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Իսրայելի և Սիրիայի միջև 1974թ․ ստորագրված զորքերի բաժանման մասին համաձայնագրի վերակենդանացման հարցին, որով ՄԱԿ-ի միջնորդությամբ ստեղծվել էր բուֆերային գոտի Գոլանի բարձունքներում։
Սա երկու կողմերի երկրորդ հանդիպումն էր Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկ ամսից էլ պակաս ժամանակում:
Անցած ամիս Սիրիայի հարավային Սվեյդա նահանգում բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Իսրայելն օդային հարվածներ էր իրականացրել՝ կանխելու, իր բնորոշմամբ, դրուզների զանգվածային սպանությունները կառավարության կողմից։