Մատչելիության հղումներ

Կրեմլը դեռ չի հաստատել Պուտին - Զելենսկի հանդիպման նախապատրաստման մասին լուրերը


Պուտին - Զելենսկի հանդիպում կազմակերպելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից 2 օր անց Կրեմլը դեռ չի հաստատել, որ այդպիսի հանդիպում է նախապատրաստվում: Մոսկվան երեկ խախտեց լռությունը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ առաջնորդների միջև ցանկացած շփում պետք է մանրամասն նախապատրաստվի:

«Աշխատանքի որևէ ձևաչափից չենք հրաժարվում, ո՛չ երկկողմ, ո՛չ եռակողմ, նախագահը սրա մասին մի անգամ չէ, որ խոսել է: Կարևորը, որ ցանկացած ձևաչափ չօգտագործվի զուտ նրա համար, որ առավոտյան թերթերը գրեն, երեկոյան հեռուստացույցով ցույց տան կամ սոցցանցերում բամբասեն», - նշել է Լավրովը:

Փորձագետներն ընդգծում են՝ Լավրովի խոսքերը ցույց են տալիս, որ Կրեմլը նման հանդիպմանը պատրաստ չէ: Ռուսաստանի արտգործնախարարի այս խոսքերից հետո, սակայն, Վաշինգտոնում կրկնել են հանդիպման կազմակերպման մասին հայտարարությունը:

Մինչ աշխարհում ծանոթանում էին ռուս պաշտոնյայի գնահատականներին Ատլանտյանից այն կողմ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը ճեպազրույց տվեց ու ընդգծեց՝ Պուտինը համաձայնել է:

«Նախագահ Թրամփը նախագահ Պուտինի հետ հեռախոսով խոսել է, և նա համաձայնել է մեկնարկել խաղաղության գործընթացի նոր փուլը՝ Պուտին-Զելենսկի հանդիպումը, որից հետո, եթե անհրաժեշտ լինի եռակողմ հանդիպում կլինի: Ինչպես ասել է նախագահը՝ փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Ռուբիոն և հատուկ բանագնաց Ուիթքոֆը կշարունակեն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ աշխատանքը, որպեսզի դա տեղի ունենա, որքան հնարավոր է շուտ», - նշել է Լևիթը:

Նախ Ալյասկայում Պուտինի, ապա Վաշինգտոնում Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ Դոնալդ Թրամփի հանդիպումներից հետո բանակցությունների վերաբերյալ գլխավոր հարցը խաղաղության հնարավոր համաձայնությունից հետո Ուկրաինային անհրաժեշտ անվտանգության երաշխիքներն են:

Թե ինչպես կգործեն դրանք առայժմ հայտնի չէ, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում այժմ հենց այս հարցն է քննարկվում:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ավելի վաղ հայտարարել էր՝ Ռուսաստանը համաձայնել է թույլատրել Ուկրաինային ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման երաշխիքներ տրամադրել: Հենց այս հոդվածն է սահմանում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր պետությունների վրա:

Առաջնորդներն արդեն խոսում են իրենց պատկերացումներից. Ֆրանսիայի նախագահը «վստահության» ուժերի մասին է խոսել՝ հայտարարելով, որ եթե խաղաղության հաստատումից հետո Ռուսաստանը դարձյալ հարձակվի, այդ ուժերը մարտի մեջ կմտնեն: ԱՄՆ նախագահը բացառել է ամերիկացի զինվորականների տեղակայումն Ուկրաինայում, սակայն առանց մանրամասնելու հայտնել՝ Վաշինգտոնը կարող է օդային աջակցություն տրամադրել:

Սպիտակ տան խոսնակը երեկ փակագծեր չբացեց. - «ԱՄՆ ուժերն Ուկրաինայում չեն տեղակայվի, սակայն, մենք կարող ենք աջակցել համակարգման հարցում նաև մեր եվրոպացի դաշնակիցներին անվտանգության երաշխիքների այլ միջոցներ տրամադրել: Նախագահը հասկանում է, որ անվտանգության երաշխիքները շատ կարևոր են կայուն խաղաղություն ապահովելու համար»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG